Պատմական երկար ուղի անցած, էթնիկական և կրոնական տարբեր պատկանելության նվաճողների իշխանության տակ ընկած, բազմիցս ռազմական գործողությունների կիզակետում հայտնված և ամենակարևորը՝ ռազմական և առևտրական ճանապարհների խաչմերուկում տեղակայված Երևան քաղաքը վերջին հինգ-վեց դարերի ընթացքում ենթարկվել է էթնիկական կազմի մի շարք զգալի փոփոխությունների, ինչն էլ իր հերթին չէր կարող որոշիչ ազդեցություն չունենալ Երևանի կրոնական շինությունների լանդշաֆտի վրա: Մուսուլմանական բնակչության ներգաղթի և հայկական բնակչության տարատեսակ /այդ թվում` բռնի/ միգրացիաների հետևանքով այդ լանդշաֆում սկսեցին կարևոր, երբեմն քանակային առումով`գերակա տեղ զբաղեցնել մզկիթները:
Երևանի իսլամական ժառանգության մասն այսօր անհամեմատ ավելի սակավ է ուսումնասիրված, քան այլ շերտեր, և սույն ծրագրի նպատակն է ուսումնասիրել նաև Երևան քաղաքի իսլամական կառույցները՝ հասկանալու դրանց գոյության և վերացման իրական պատճառները և բացառելու դրանց շուրջ առկա կեղծ-պատմագիտական քաղաքականացված մանիպուլյացիաները որոշ ոչ բարեկամաբար տրամադրված ուսումնասիրողների կողմից։
Ինչպես կարող ենք համոզվել այս կայքը դիտելիս՝ Երևանի մզկիթների ճնշող մեծամասնությունը քանդվել կամ վերածվել են այլ նշանակության շինությունների խորհրդային տարիներին, հատկապես երեսուն-հիսունական թվականներին՝ պայմանավորված ստալինյան կոշտ քաղաքականությամբ։ Չարդարացնելով այս փաստը, միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ նույն բախտին են արժանացել մի շարք այլ կրոնական կառույցներ՝ հիմնականում հայ առաքելական դավանքին պատկանող։ Քանդվել են ռուս ուղղափառ Սբ․ Նիկողայոսի տաճարը ներկայիս Շահումյան հրապարակում և բերդի տարածքում գտնվող Տիրամոր Հովանու եկեղեցին։ Այս ցավալի փաստերը, հետևաբար, չեն կարող ուղղված լինել որևէ առանձին վերցված դավանանքի կամ դրա կրող համայնքի դեմ, ինչպես վերջին շրջանում ճգնում են ցույց տալ քաղաքականացված և կեղծ օրակարգի սպասարկող հրապարակումները, այլ բոլշևիկյան հակակրոնական քարոզչության և մարտնչող աթեիզմի գաղափարախոսության հետևանք են։