Երևանի բերդը և սարդարի պալատը

Երևանում տարբեր ժամանակներում հայտնի է մի քանի բերդերի առկայության մասին։ Այսպես, բացի Էրեբունի ամրոցը, սկսած 7րդ դարից աղբյուրները տեղեկություն են տալիս Երևանում վաղ միջնադարյան բերդի առկայության մասին, որի տեղակայման վայրը, սակայն, ցավոք հայտնի չէ։ Հրազդան գետի բարձր ափին կառուցված Երևանի վերջին բերդը, որը գործել է մինչև Արեևլյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում ընդգրկվելը, ըստ Առաքել Դավրիժեցու կառուցվել է 1583թ թուրք Ֆահրադ փաշայի կողմից։ Որոշ հեղինակներ, ինչպես Դոն Խուան դե Պերսիան, Էվլիա Չելեբին, խոսում են Շահ Իսմայիլի վեզիր Ռևան խանի կողմից Երևանի բերդը 1512թ հիմնադրելու վերաբերյալ։ Ադրբեջանական պրոպագանդան այս տեղեկությունը շահարկում է, ցույց տալու թե իբր Երևան քաղաքը հիմնադրվել է Ռևան Ղուլու խանի կողմից հինգ հարյուրամյակ առաջ և խանի անունով կոչվել Ռևան, ապա՝ Երևան։ Սակայն Երևանի մասին գրավոր հիշատակություններն առկա են ամենաուշը վաղ միջնադարից, իսկ հնագիտական նյութը, ինչպես հայտնի է, վերաբերում է շատ ավելի վաղ՝ նախաուրարտական և ուրարտական շրջանին։ Ինչ վերաբերում է Երևան տեղանվան նմանությանը Ռևան խանի անվան հետ, ապա հաշվի առնելով ուշ միջնադարյան թուրքական և պարսկական աղբյուրներում Երևանի համար տարածված Ռևան ձևը, կարծիք կա, որ խանն ինքն է իրեն այդպես անվանել՝ Ռևան, այսինքն՝ Երևանի խան /հմմտ․ ավելի ուշ շրջանի Խան-Էրիվանսկի ազգանունը/։

Բերդի տարածքում եղել են մի շարք կառույցներ՝ Սարդարի պալատը, հարեմը, երկու մզկիթ, Սուրբ Գևորգ եկեղեցին /կիսավեր/, զինանոց և այլն։ Առավել աչքի ընկնող շինություններից էին Սարդարի պալատը և Աբբաս Միրզայի մզկիթը։ Վերջինի մասին հանգամանալից խոսվում է համապատասխան բաժնում։ Իսկ պալատն աչքի էր ընկնում հատկապես իր Շուշաբանդ այվան կոչված սարդարի ապակեպատ տաղավարով։ Այն կառուցված էր հենց զառիթափ ափի վերևում, և դրա գույնզգույն ապակիներով գլխավոր վիտրաժը նայում էր դեպի Հրազդանի կիրճը։ Շուշաբանդը սարդարի ժամանցի անցկացման հիմնական վայրն էր։ Այստեղ էր գտնվում նաև մարմարե շատրվանը, որն այժմ ցուցադրված է Երևանի պատմության թանգարանում։ Այվանի պատերը և առաստաղը զարդարված էին հայելիներով, արևելյան գույնզգույն զարդանախշերով և Շահնամեից դրվագների պատկերներով։ Ավելի ուշ պատերին զետեղվել են Միրզա Ղադիմ Էրիվանիի վրձնին պատկանող վերջին Ղաջար խանին և այլոց պատկերող նկարները։

Բերդը զբաղեցրել է 18 հեկտար տարածք։ Ռուսական զորքի կողմից գրավվելուց հետո բերդի շինությունները սկսում են օգտագործվել այլ նպատակներով։ Այսպես՝ հարեմի շենքը դառնում է հիվանդանոց, Աբբաս Միրզայի մզկիթը՝ զինանոց, և այլն։ Որոշ ժամանակ անց բերդը, որպես այդ ժամանակվա ռուսական ռազմական գործի համար ժամանակավրեպ կառույց, կորցնում է իր նշանակությունը և կամաց-կամաց ժամանակի ազդեցությամբ սկսում խարխլվել։ Բերդի պարիսպների վերջին մնացորդները քանդվել են 1930ականներին։ Այսօր բերդի տարածքը համընկնում է Գլենդել հիլզ բնակելի թաղամասի, Մայրաքաղաքային գնդի և գինու գործարանի տարածքներին։