Տեսնել քարտեզի վրա

Ռաջաբ փաշայի մզկիթ

Հանդիպում է նաև Օսմանցոց անվանումը։ Կառուցվել է Օսմանյան կայսրության կողմից Երևանի վերջին նվաճումից մեկ տարի անց՝ 1725թ․՝ թուրք զորավար Ռաջաբ փաշայի կողմից, կրկին բերդի տարածքում, ըստ ամենայնի` նախորդիվ գոյություն ունեցող շիական գլխավոր մզկիթը սունիականով փոխարինելու նպատակով։ Ունեցել է քառակուսի հորինվածք։ Արևմտյան պատի մոտ ունեցել է նաև աղյուսաշեն մինարե, որը քանդել են ռուսական տիրապետության հաստատումից հետո, իսկ բուն մզկիթը վերակառուցվել է և օծվել որպես Տիրամոր Հովանու ռուս ուղղափառ եկեղեցի[1]։ Վերակառուցումից հետո ստացել է ռուսական կլասիցիզմին բնորոշ արտաքին տեսք, չորս կողմերից ավելացվել են սյունաշար պորտիկուսներ։ Վերջնականապես ավերվել է, ամենայն հավանականությամբ, Երևանի բերդի մնացորդների ոչնչացման ընթացքում՝ քսաներորդ դարի երեսունական թվականներին։


[1] Հովհ․ եպս․ Շահխաթունյանց, Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի …  էջ 309