Տեսնել քարտեզի վրա

Դեմիրբուլաղի Հաջի Իմամ Վերդի մզկիթ

Դեմիրբուլաղի Հաջի Իմամ Վերդի մզկիթը հաճախ թաղամասի անունով կոչում էին պարզապես Դեմիրբուլաղի մզկիթ, իսկ որոշ աղբյուրներում հանդիպում է Քյորփու-քուլաղի անվանումը՝ թյուրքերեն körpü – կամուրջ բառից, քանի որ մզկիթը գտնվում էր Գետառի վրայով անցնող կամրջակի հարևանությամբ: Այս անվան տակ այն տեղայնացված է, օրինակ, Երևանի 1856թ․ հատակագծի վրա։ Սակայն նույն վայրում Մեհրաբովի հատակագծի վրա նշված է որպես Դեմիրբուլաղի մզկիթ։ Ղևոնդ Ալիշանի «Այրարատ» աշխատությունում հիշատակված է որպես Գըրգ պուլաղ մզկիթ[1]՝ Գետառի թյուրքերեն Գըրխ-բուլաղ (qırx bulaq – քառասուն աղբյուր) անվանումից։ Մզկիթի տեղակայման վայրը համապատասխանում է այսօրվա Ռոսսիա կ/թ դիմացի մայթին՝ այն ժամանակ՝ Ստարոկազարմեննայա փողոցի շարունակության վրա՝ Դեմիրբուլաղի շուկայական հրապարակի (որը գտնվում էր կինոթատրոնի տեղում) դիմաց: Դեմիրբուլաղի մզկիթի տեղակայման վայրով այժմ անցնում է Տիգրան Մեծի պողոտան։ Մեզ են հասել մզկիթի մի քանի լուսանկար, որոնցից դատելով կարելի է եզրակացնել, որ մզկիթը կառուցված կամ երեսպատված է եղել տուֆով։ Ունեցել է առնվազն երեք ոչ սիմետրիկ գմբեթ։ Գլխավոր և հարավային գմբեթներն աղյուսաշեն էին, գլխավոր գմբեթն ուներ աղյուսների ելուստներից գոյացող պտուտակաձև աստիճան, որը տանում էր գրեթե մինչև գմբեթի գագաթ։ Մյուս՝ ավելի փոքր գմբեթը երեսպատված էր հավանաբար թիթեղով։ Մզկիթը, առնվազն մեզ հասած լուսանկարների ժամանակներից, չուներ մինարե։ Հակառակ, որ այս մզկիթը հիշատակվում է, ինչպես նշվեց, առնվազն տասնիններորդ դարի առաջին կեսից, դրա ընդհանուր ոճը, գոնե մեզ հասած լուսանկարներում, ավելի նման է տասնիններորդ դարի վերջի – քսաներորդ դարասկզբի կառույցներին։ Հատկապես արտաքին երեսպատման ոճային որոշակի նմանություններ կան, դատելով լուսանկարներից, Երևանում 1894-1901թթ․[2] կառուցված Նիկոլայևյան կաթողիկե և Քանաքեռում 1913թ․[3] կառուցված Տիրամոր Հովանու ռուս ուղղափառ եկեղեցիերի հետ, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ մզկիթն, այնուամենայնիվ, նշված ժամանակահատվածում՝ հավանաբար քսաներորդ դարի սկզբին, ենթարկվել է վերակառուցման։ Հնարավոր է՝ այն տեղեկությունը, որը խիստ քաղաքականացված պատմագրության պարագայում վերջին շրջանում սիրում են տարածել ադրբեջանական աղբյուրները, և համաձայն որի ոմն Հաջի Մուզաֆֆար աղայի կողմից 1909թ․ Դեմիրբուլաղում կառուցվել է մզկիթ[4], իրականում վերաբերում է Հաջի Իմամ Վերդիի մզկիթի վերանորոգմանը կամ վերակառուցմանը։ Մզկիթի տեղակայման վայրի և նույնականացման կապակցությամբ որևէ կասկած չի թողնում դրա ֆիզիկական գոյության վերջին շրջանում արված մի լուսանկար, որի ետին պլանում երևում է արդեն կառուցված Կառավարության տան՝ Տիգրան Մեծի պողոտային նայող ֆլիգելը։ Անկասկած՝ սին են և մտացածին ադրբեջանական ժամանակակից պատմագրության ճիգերը ներկայացնել Դեմիրբուլաղի մզկիթն իբրև թե գործող մինչև 1988թ․, կամ ութսունականների վերջերը[5]։ Մզկիթը քանդվել է ժամանակակից Տիգրան Մեծի պողոտայի (այն ժամանակ՝ Հարավային փ․, Միկոյանի, ապա Հոկտեմբերյան պող․) շինարարության հետևանքով, այսինքն 1940-ական թվականներին։ Հաճախ մզկիթի գոյության վերջին շրջանին վերաբերող լուսանկարներում կառույցը նշված է որպես արևելյան բաղնիք[6]։ Այժմ դժվար է ասել, թե արդյոք նման պնդումը պարզապես անճշտություն է, թե խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ աթեիստական գաղափարախոսության ճնշման տակ մզկիթի շենքը ծառայել է որպես բաղնիք։


[1] Հ․ Ղեւոնդ Վ․Մ․ Ալիշան, Այրարատ Բնաշխարհ Հայաստանեայց, էջ 310-311 քարտեզը

[2] Гаспарян М. А., Архитектура Еревана XIX — начала XX веков, Ер., 2008, стр. 167

[3] Ibidem, 170

[4] տես, օր.` Назим Мустафа, Мечети Иревана., Баку, 2016, стр. 15

[5] տես, օր.` Назим Мустафа, там же, стр. 38[6] տես, օր.` Իմ Երևան /ծրագրի ղեկավար և հեղինակ Գ․ Զաքոյան, Եր․, 2002, էջ 110, (նշված էջի երկու՝ 1923 և 1949թթ․ վերագրվող լուսանկարներում կառույցը նշված է որպես բաղնիք, միևնույն ժամանակ նույն գրքի էջ 136-ում՝ 1930թ․ վերագրվող լուսանկարում նշված է որպես Դեմիրբուլաղի մզկիթ, հետևաբար այստեղ առկա է անհամապատասխանություն, և նյութն ունի հետագա ուսումնասիրության կարիք – ծանոթ․ հեղ․)