Տեսնել քարտեզի վրա

Հաջի Նովրուզ Ալի բեկի մզկիթ

Լինչն այն անվանում է Հաջի Նասրալլահ բեյի մզկիթ[1]։ Այս մզկիթի մասին տեղեկությունները սահմանափակ են, թեև այն մասամբ պահպանվել էր մինչև քսաներորդ դարի 60-ական թթ․՝ դատելով մեզ հասած սակավաթիվ լուսանկարներից։ Այսպես՝ դրանցից մեկում երևում է մզկիթի ավերակների կողքին կայանած ԳԱԶ 21 մոդելի երրորդ սերնդի ավտոմեքենա, որի արտադրությունը սկսվել է 1962թ․, ինչից էլ կարելի է համապատասխան հետևություն անել։ Մզկիթի հիմնադրման տարեթվի հետ կապված ուշագրավ անհամապատասխանություն կա մեր կողմից ուսումնասիրված որոշ աղբյուրների միջև։ Լինչը, հիշատակելով Նովրուզ Ալի բեկի (Հաջի Նասրալլահ բեյի) և Զալ խանի (Շահարի կամ քաղաքային) մզկիթները, նշում է, որ նախորդն (այսինքն՝ առաջինը) ակնհայտ ընդօրինակումն է (replica) վերջինի, որի արտաքին դռան վրա տեսանելի է թուրքերեն թվագրում՝ հիջրայի 1098թ․ (1687թ․ մեր թվագրությամբ)[2]։ Սակայն ավելի ուշ շրջանի ուսումնասիրողներ Ե․ Շահազիզն ու Թ․ Հակոբյանը, ովքեր, ակնհայտորեն, տվյալ հարցում հիմնվել են Լինչի աշխատության վրա, միմյանց հակադիր մեկնաբանություն են տալիս, թե նշված երկու մզկիթներից որի կառուցման տարեթվի մասին է վկայում Լինչը։ Հակոբյանը նույնությամբ կրկնում է Լինչին, գրելով, որ «Հաջի-Նովրուզ-Ալի-բեկի և Զալ-խանի մզկիթներն իրենց հատակագծերով իրար նման են։ Դրանցից երկրորդի (այսինքն՝ Զալ խանի – հեղ․) դռների վրա կար արձանագրություն կառուցման վերաբերյալ։ Լինչի ընթերցմամբ այն կառուցվել է հիջրի 1098 (1687) թվականին»[3]։ Մինչդեռ Շահազիզը գրում է «․․․Հաջի-Նովրուզ-Ալի-բեկի և Զալ-խանի կամ Շահարի մզկիթները, որոնք իրենց հատակագծով նման են միմյանց։ Առաջինը, ինչպես երևում է, երկրորդի ընդօրինակությունն է․․․։ Դրա դարպասի ճակատին, Լինչի ընթերցվածքով, փորագրված է Հիջրեթի 1098 թիվը, որից կարելի է եզրակացնել, որ դա շինված է 1687 թվին»[4]։ Այսինքն, ըստ Շահազիզի ստացվում է, որ սա ոչ թէ Զալ խանի, այլ Հաջի Նովրուզ Ալի բեկի մզկիթի հիմնադրման թվականն է։ Հավանաբար՝ Շահազիզն այս հարցում պարզապես վրիպակ է թույլ տվել, քանի որ Լինչի վկայությունները հիմնադրման թվականի շուրջ, որոնց վրա հղում է կատարում Շահազիզը, ակնհայտորեն, վերաբերում են Զալ խանի, այլ ոչ Հաջի Նովրուզ Ալի բեկի մզկիթին։ Ինչևէ, համենայն դեպս վերջինս հիշատակվում է Շահխաթունանցի վերոնշյալ աշխատությունում, որն, ինչպես նշվեց, առաջին անգամ լույս է տեսել 1842թ․, ուստի առնվազն տասնիններորդ դարի առաջին կեսում մզկիթն արդեն գոյություն ուներ։ Իսկ լուսանկարների հիման վրա՝ կառուցվածքային առանձնահատկություններից դատելով, կարելի է եզրակացնել, որ մզկիթը կառուցվել էր 17-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբ ընկած ժամանակահատվածում։ Այն ընդունված է դասել Շահարի մզկիթների շարքին[5], թեև տարածքային առումով բավական մոտ էր Դեմիրբուլաղ թաղամասին (տես, օրինակ, Մեհրաբովի հատակագիծը)։ Մզկիթը Դեմիրբուլաղ թաղամասին է վերագրում նաև ճարտարապետության պատմության ժամանակակից մասնագետ Մ․ Գասպարյանը[6]։ Այս տարբերությունը, ամենայն հավանականությամբ, կապված է ժամանակի ընթացքում քաղաքի թաղամասերի սահմանների ընկալման փոփոխության հետ։


[1] Lynch, Armenia. Travels and studies, v. I, p. 215

[2] Ibid.

[3] Թ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1500—1800 թթ.) – Եր., Երևանի համալսարանի հրատարակչություն, 1971թ․, էջ 369

[4] Ե․ Շահազիզ, Հին Երևանը – Եր․, 2003; էջ 201-202

[5] Հ․ Շահխաթունյանց, Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի եւ հինգ գավառացն Արարատայ – Էջմ․, 2014; էջ 302, Թ․ Հակոբյան, նույն տեղում

[6] Гаспарян М.А. Планировочная структура Еревана 19 – начала 20 вв.// Национальное своеобразие зодчества народов СССР: Сб. науч. тр. – М., 1979. – стр. 64-72