Տեսնել քարտեզի վրա

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Գտնվել է Նազարովսկայա, այժմ՝ Ամիրյան փողոցի միջնամասում՝ Չարենցի անվան դպրոցի տեղում։ Եկեղեցու շինարարությունը նախատեսված էր դեռևս 1830-ական թվականներին, երբ Նոր թաղի գլխավոր հատակագծի վրա առանձնացվել էր ուղղանկյուն տարածք՝ եկեղեցու հիմնարկեքի նպատակով, սակայն Էջմիածնի հոգևոր սինոդն անդրադառնում է շինարարությանը միայն 1868թ․[1]։ Երևանի մի շարք ականավոր բնակիչներ՝ Դ․ Խուդաբաշյանցը, Գ․ Հովհաննիսյանցը և այլոք, ստիպված են եղել հանգանակել ութ հազար ռուբլի՝ եկեղեցու շինարարության համար նախատեսված հողը վերստին ձեռք բերելու նպատակով։ Շինարարությունը սկսվել է 1869թ․, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով տևել շուրջ քառասուն տարի և ավարտվել 1900թ․։ 1902թ․ Եկեղեցու արևմտյան ֆասադի առջև ճարտարապետ Միրզոևի նախագծով կառուցվում է զանգակատուն։ Եկեղեցու էսթետիկ առավելություններն օգտագործելու նպատակով ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանը անցյալ դարի երեսունականներին նախագծելով այժմյան Մաշտոցի պողոտայի վրա գտնվող բնակկոոմբինատի շենքը՝ նախատեսել է բարձր կամար, որից բացվում էր եկեղեցու պերսպեկտիվը։ Ճակատագրի քմահաճույքով Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին շինարարության փուլում գտնվել է գրեթե նույնքան ժամանակլ, որքան մնացել է կանգուն։ Այն քանդվել է քառասունական թվականներին՝ Ամիրյան փողոցի ընդլայնման աշխատանքների շրջանակում։ Մինչ քանդվելը ծառայել է որպես «Անաստված» (Безбожник)։ Քանդվելուց հետո եկեղեցու տեղում 1951թ․ կառուցվել է Չարենցի անվան հանրակրթական դպրոցը։


[1] Гаспарян М. А., Архитектура Еревана XIX — начала XX веков, стр. 166