Տեսնել քարտեզի վրա

Մուհամմադ Սարդիպ խանի մզկիթ

Համարվել է Երևանի փոքր մզկիթներից մեկը։ Գտնվել է այժմ գոյություն չունեցող Փանահխանսկայա, հետագայում Ազիզբեկովի փողոցի վրա, որն անցնում էր այժմյան Հանրապետության փողոցից մինչև Սախարովի հրապարակ։ Ավելի ստույգ տեղակայման վայրը այսօրվա թիվ 114 միջնակարգ դպրոցի մերձակայքն է։ Միևնույն ժամանակ Ե․ Շահազիզի նշված աշխատության նոր վերահրատարակման համապատասխան ծանոթագրություններում (հեղինակներ՝ պգթ․ Ա․ Սարգսյան և Լ․ Ամիրջանյան) որպես Մուհամմադ Սարդիպ խանի մզկիթի տեղակայման վայր է նշվում Գետառի ափը՝ Դեմիրբուլաղի հրապարակի հարևանությամբ[1], ինչն իրականում համապատասխանում է Հաջի Իմամ Վերդիի մզկիթի տեղակայման վայրին։ Մինչդեռ, օրինակ, Մեհրաբովի հատակագծում այն հստակ նշված է  Փանահխանսկայա և Ռուստամխանսկայա փողոցների հատման մասում։ Գետառն անցնում է այդ վայրից բավական հեռավորության վրա։ Շահխաթունյանցը մզկիթի տեղակայման վայրը վերագրում էր Շահար թաղամասին[2], թեև, ինչպես Հաջի Նովրուզ Ալի բեկի մզկիթի դեպքում, թաղամասերի սահմանների փոփոխության պարագայում, ըստ Մեհրաբովի հատակագծի, օրինակ, այն կարելի է վերագրել Դեմիրբուլաղ թաղամասին։ Մզկիթի կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ, սակայն, եթե դատելով անունից ընդունենք, որ դրա կառուցումը կապված է Երևանի վերջին սարդար Հուսեյն խան Ղաջարի բարձրաստիճան զորահրամանատար Մուհամմադ Սարտիպ խանի հետ, ապա կարելի է ենթադրել, որ այն կառուցվել է 18-րդ դարի վերջից 19-րդ դարի առաջին քառորդն ընկած ժամանակահատվածում։ Ի տարբերություն վերը նշված մզկիթներից շատերի ուներ մինարե, որն, ինչպես երևում է լուսանկարներից, լավ պահպանվել էր մինչև քսաներորդ դարի երեսունական-քառասունական թվականները։ Մինարեն վերնամասում ուներ վեցանկյուն լայնակի հատույթով սյունա-կամարային բավականին յուրատիպ հորինվածք և ավարտվում էր վեցանիստ գմբեթով։


[1] Ե. Շահազիզ, Հին Երևանը, Եր․, 2003; էջ 265

[2] Հ․ Շահխաթունյանց, Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի եւ հինգ գավառացն Արարատայ – Էջմ․, 2014; էջ 302