Տեսնել քարտեզի վրա

Աբբաս Միրզայի կամ Սարդարի մզկիթ

Երբեմն անվանվում է Խանի մզկիթ։ Կառուցվել է Երևանի վերջին սարդար Հուսեյն Ղուլի խանի կողմից՝ Երևանի բերդի տարածքում՝ որպես պալատական գլխավոր մզկիթ և անվանակոչվել Պարսից թագաժառանգի՝ Ֆաթհ Ալի շահ Ղաջարի որդի Աբբաս Միրզայի պատվին։ Ենթադրաբար այն կառուցվել է ավելի վաղ գոյություն ունեցող մզկիթի փոխարեն, քանի որ չէր կարող իսլամական տարբեր դինաստիաների տիրապետության մոտ կես հազարամյակի ընթացքում գոյություն չունենալ գլխավոր մզկիթ։ Ամենայան հավանականությամբ տարբեր ժամանակներում այդ դերը կատարել են տարբեր մզկիթներ, ինչպես, հավանաբար, Մուհամմադ Խոդաբենդեի մզկիթը, որի մասին մեզ հասած տեղեկությունները շատ թերի են։ Հավանաբար այդ մզկիթն ավերվել է 1679թ․ երկրաշարժի ժամանակ, ապա վերակառուցվել, և ռուսական իշխանության հաստատումից հետո պարենային խանութի վերածված այն մզկիթն է, որի մասին նշում է Շոպենը[1]։ Երևանում Օսմանական միջանկյալ տիրապետության շրջանում, հավանական է, որպես գլխավոր մզկիթ նախկին շիականի փոխարեն կառուցվել է սունիական Ռաջաբ փաշայի մզկիթը, որն ավելի մանրամասն ներկայացվում է ստորև։ Վերադառնալով Աբբաս Միրզայի մզկիթին, պետք է նշենք, որ այն երկար կյանք չի ունեցել։ Կառուցված լինելով վերջին սարդարի օրոք՝ տասնիններորդ դարի առաջին տասնամյակում, ռուսական տիրապետության հաստատումից հետո մզկիթը վեր է ածվում զինանոցի[2]։ Մզկիթը կառուցված էր թրծված աղյուսից, գմբեթը և դիմային մասը երեսպատված էին կապույտ և կանաչ հախճապակե մոզայիկ սալիկներով։ Ուներ երկու մինարե, որոնք պիլյաստրի ձևով  սիմետրիկ վեր էին խոյանում մուտքի երկու կողմերից։ Գմբեթի ստորին մասում առկա էր, ինչպես կտեսնենք ստորև՝ Երևանի ավելի վաղ կառուցված մզկիթներից ծանոթ, ջնարակված կերամիկական սալիկներից ստացված մոզայիկ ռոմբաձև կրկնվող զարդանախշումը, իսկ մինարեների վրա՝ շախմատաձև կրկնվող զարդանախշում է՝ ավելի խոշոր ռոմբերով։ Մզկիթի ճակատային մասը, պորտալները, ներսույթը նույնպես բավականին դիտարժան նախշազարդում են ունեցել։ Ինչպես նշվեց, մզկիթը ռուսական տիրապետության հաստատումից հետո որոշ շրջան ծառայել է որպես զինապահեստ, ապա լքվել և սկսել կամաց-կամաց քայքայվել ժամանակի ազդեցությամբ։ Երևանի բերդի տարածքի տարերային վերնակուլյար կառուցապատման պայմաններում մզկիթի պահպանված հատվածները վեր են ածվել բնակելի շինությունների։ Այս տեսքով մզկիթի մի քանի մասնիկ հասել էր մինչև մեր օրերը։ Ապա, 2010-ական թվականների սկզբում՝ բազմաբնակարան շենքերով տարածքը կառուցապատելու ընթացքում, մնացորդները, ցավոք, վերջնականապես քանդվել են, տեղում կառուցվել է խաղահրապարակ, ավտոկայանատեղի։


[1] Шопен И. И. Исторический памятник состояния Армянской области в эпоху её присоединения к Российской империи. СПб., 1852, cтр. 468; стр. 687

[2] Հովհ․ եպս․ Շահխաթունյանց, Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի եւ հինգ գավառացն Արարատայ – Էջմ․, 2014;  էջ 309,

Гакстгаузен, барон Август фон, Закавказский край. Заметки о семейной и общественной жизни…, СПб, 1857, стр. 230

Шопен, там же,

Հ․ Ղեւոնդ Վ․Մ․ Ալիշան, Այրարատ Բնաշխարհ Հայաստանեայց, Վենետիկ, Սբ․Ղազար, 1890; էջ 311