Տեսնել քարտեզի վրա

Զալխանի մզկիթ

Մզկիթը հաճախ անվանվում էր Շահարի, քանի որ գտնվում էր հին Շահար թաղում (պարսկերենից թարգմանաբար  شهر  (šаhr) – քաղաք բառից, հմմտ. ֆր. cité եզրը): Կառուցվել է Զալ խանի հրահանգով։ Որպես կառուցման տարեթիվ Լինչը նշում է հիջրայի 1098թ․ (1687թ․)[1]: Կառուցվածքային առումով, ինչպես երևում է հին լուսանկարներից, և ինչպես ընդգծում են նաև ուսումնասիրողները[2], որոշակի նմանություն ուներ Կապույտ մզկիթին, թեև ժամանակային առումով ավելի վաղ էր կառուցված (հանդգնենք եզրակացնել, որ Հուսեյն Ալի խանը կարող էր օգտագործել այն որպես իր կողմից կառուցած մզկիթի նախատիպ)։ Կառուցվածքային նմանության մասին է խոսում, մասնավորապես, Լինչը, ով գրում է, որ թեև մզկիթն ավելի փոքր է Գյոք ջամիից (Կապույն մզկիթից), սակայն որոշակիորեն հիշեցնում է այն, իսկ պարսպապատ բակը` շատրվանով ու երկարացողուն գեորգենիների մարգերով, հենց այն հաճելի ապաստանն է փոշոտ նրբանցքներից, որի մասին կարելի է երազել[3]։ Հին լուսանկարներից ոմանք թույլ են տալիս ենթադրել, որ համեմատաբար ավելի վաղ շրջանում մզկիթի շուրջը եղել է հրապարականման բաց տարածք, սակայն հետզհետե սելիտեբ կառուցապատումն ավելի է խտացել մզկիթի շուրջ։ Քսաներորդ դարի սկզբում մզկիթի դիմաց գտնվում էր Մեչետսկի նրբանցքը (տես Մեհրաբովի և Աստվածատրյանի հատակագծերը), որն ավելի ուշ իր տեղը զիջեց Մոսկվա կինոթատրոնով և Երևան (նախորդիվ՝ Ինտուրիստ)  հյուրանոցով շրջանակված հրապարակի կառուցապատմանը (մեր օրերում՝ Ազնավուրի հրապարակ)։ Զալ խանի մզկիթի հիմնական գմբեթը նույնպես երեսպատված էր գույնզգույն կերամիկական սալիկներից ստացված կրկնվող ռոմբաձև զարդապատկերով։ Կողային գմբեթները զգալիորեն ավելի համեստ էին ու ցածր՝ քան Հուսեյն Ալի խանի մզկիթի դեպքում, և ի տարբերություն վերջինի, Զալ խանի մզկիթը չուներ մինարե։ Շահարի կամ Զալ խանի մզկիթը պահպանվել էր մինչև քսաներորդ դարի կեսերը, ապա մզկիթի ծավալն օգտագործվել է Նկարիչների միության շենքի կառուցման ժամանակ՝ ներկառուցվելով և դառնալով դրա դահլիճը 1959թ․[4]։


[1] Lynch, H.F.B., Armenia. Travels and studies, v. I, p. 215

[2] տես օր․՝ Lynch, loc. cit.

[3] Lynch, loc. cit.

[4] Арутюнян В., Асратян М., Меликян А., Ереван, М. 1968, стр. 184