Տեսնել քարտեզի վրա

Հաջի Ջաֆար բեկի մզկիթ

Դասվել է այսպես կոչված փոքր մզկիթների շարքին։ Աղբյուրները շատ քիչ տեղեկություն են պահպանել այս մզկիթի մասին և հիմնականում սահմանափակվում են միայն դրա գոյությունը նշելով։ Հավանաբար նույնպես կառուցվել է 17-18-րդ դարերում[1]։ Հետաքրքրական է, որ Հաջի Ջաֆար բեկի մզկիթի մասին չի հիշատակվում Շահխաթունյանցի մոտ, ով Դեմիրբուլաղ թաղամասում հիշատակում է միայն մեկ մզկիթ, առանց անունը նշելու[2], սակայն Հաջի Ջաֆար բեկի մզկիթը նշված է թե Երևանի 1856թ․ հատակագծի վրա, թե Շոպենի[3] աշխատությունում։ Մզկիթը գտնվել է Դեմիրբուլաղ թաղամասում։ Մզկիթի տեղակայման վայրը համընկնում է այսօրվա Վարդանանց 22 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բակային տարածքին։ Մզկիթը պատկերող լուսանկարներ գրեթե հայտնի չեն, ուստի դրա արտաքին տեսքի մասին կարելի է միայն կռահել։ Պահպանված ֆրագմենտար լուսանկարից դատելով՝ այն մասամբ աղյուսաշեն է, մասամբ՝ տուֆաշեն։ Անհայտ պատճառով ֆասադի վերևի մասում տեղադրված է եղել հովանոց հիշեցնող թիթեղյա կառույց, ինչն էլ, հավանաբար, պատճառ է հանդիսացել, որպեսզի մզկիթը ժամանակակից ադրբեջանական աղբյուրներում անվանվի Չաթիրլի, թարգմանաբար՝ հովանոցային (ադրբ․ çətir – հովանոց, արևանոց)։ Իրականում հայտնի չէ, թե արդյոք այն այդպես է անվանվել գոյություն ունեցած ժամանակ, և բնակչության հատկապես որ խավերի, շերտերի կողմից։ Համենայն դեպս բոլոր հայկական և հեղինակին հասանելի այլ աղբյուրներում մզկիթն անվանված է Հաջի Ջաֆար բեկի մզկիթ։


[1] Арутюнян В., Асратян М., Меликян А., Ереван, М. 1968, стр. 31-32

[2] Հ․ Շահխաթունյանց, ն․ա․, էջ[3] Шопен И. И., указ. соч., стр. 687