Հասկանալի պատճառներով Երևանի ամենաուսումնասիրված մզկիթը, որի մասին հավաքված են առավել ստույգ տեղեկություններ, Հուսեյն Ալի խանի կամ Կապույտ մզկիթն է՝ Գյոյ ջամի, Գյոք ջամի, Գյոյմեչետ, Մասջեդ քաբուդ (مسجد کبود)։ Գերմանացի ճանապարհորդ Ավգուստ ֆոն Հաքստհաուզենը, ով Կապույտ մզկիթ է այցելել Խաչատուր Աբովյանի ուղեկցությամբ, բավականին մանրամասն նկարագրում է մզկիթի անցուդարձն ու ներքին հարդարանքը, և անվանում այն Երևանում իր տեսած ամենավեհաշուք շինությունը[1]։ Որոշակի տարընթերցում կա դրա հիմնադրման տարեթվի շուրջ, ըստ որի այն կառուցվել է 1760-ից 1766թթ․ միջակայքում՝ կապված հարավային դարպասների վերևում պահպանված՝ հիջրայի թվագրությամբ նշված հիմնադրման թվականի ընթերցման հետ։ Այսպես՝ Երվանդ Շահազիզը նշված աշխատությունում որպես հիմնադրման թվական նշում է 1760թ․, միևնույն ժամանակ, սակայն, նշելով մզկիթի վրա փորագրված հիմնադրման 1176 հիջրայի թվականը[2], որն իրականում համապատասխանում է մեր թվագրության 1765/66թթ․։ Հովհաննես Շահխաթունյանցը որպես հիմնադրման թվական, հավանաբար սխալմամբ, նշում է հիջրայի 1186 թվականը[3], որը համընկնում է մեր թվագրության 1772/73թթ․ հետ։ Բրիտանացի ճանապարհորդ Լինչը հայտնում է, որ մուսուլման մի բարձրաստիճան մոլլայի տեղեկություններով մզկիթը կառուցվել է Նադիր շահի ժամանակներում (1736-1747թթ․)՝ սարդար Հուսեյն Ալի խանի կողմից[4]։ Սակայն այս պնդումը չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ Հուսեյն Ալի խանը սկսել է կառավարել Երևանում պարսից Նադիր շահի մահվանից գրեթե երկու տասնամյակ անց` 1764թ-ից։ Մզկիթի կառուցվածքը բավականին տիպիկ է շիական մզկիթների համար։ Բուն մզկիթը երեք կամարակապ փոխկապակցված աղոթասրահներով գտնվում է ուղղանկյուն պարսպապատ համալիրի հարավային կողմում։ Պարսպից ներս ներքին բակն է՝ կանաչ գոտիով, իսկ բակի կենտրոնում՝ շատրվան, որը ժամանակին բացի էսթետիկ նշանակությունից ծառայում էր հավատացյալներին՝ աղոթքներից առաջ ծիսական լվացման համար։ Պարսպի երկայնքով առկա են առանձին սենյակներ, որոնք ժամանակին ծառայել են կրոնական, ուսումնական և կենցաղային նպատակների։ Մզկիթն ունի մեկ մինարե, մեկ կենտրոնական դոմինանտ և երկու կողային ավելի փոքր գմբեթներ։ Մինարեի գմբեթն ու մզկիթի կենտրոնական գմբեթն ունեն կերամիկական մոզայիկ երեսպատում՝ հիմնականում կապույտ/երկնագույն երանգավորմամբ, զարդանախշերով կենտրոնական գմբեթի ողջ շրջակայքով կրկնվում է արաբատառ գեղագիր հայելային «ՅԱ ԱԼԻ» (يا علي – ով Ալի) գրվածքը։ Գմբեթի մոզայիկ երեսպատման մեջ գերակշռող կապույտ գույնը հիմք է հանդիսացել մզկիթը Կապույտ կոչելու համար։ Ընդ որում հին նկարների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քսաներորդ դարի առաջին քառորդում կենտրոնական գմբեթի մոզայիկ երեսպատումը վերանորոգվել է՝ կրելով արտաքին տեսքի զգալի փոփոխություն, համատարած ռոմբաձև կրկնվող զարդապատումն իր տեղը զիջել է վերը նկարագրվածին։ Համալիրը գրեթե ամբողջությամբ աղյուսաշեն է, բացառությամբ տուֆային հիմնաշարի (цоколь): Մզկիթի համալիրն ունեցել է ներքին բակ տանող երեք դարպաս, որոնցից հարավայինը և արևմտյանը համարվում էին հիմնական[5], իսկ արևելյանը փոքր մի դուռ էր, որը տանում էր դեպի արտաքին բակ, այդտեղից էլ՝ դուրս[6]։ Հարավային և արևմտյան դարպասները, ինչպես նաև մզկիթի աղոթասրահների մուտքը նույնպես շրջանակված է եղել կերամիկական զարդանախշ սալիկներով, ինչը հարավային դարպասի և աղոթասրահի դեպքում հիանալի պահպանվել է մինչ այսօր։ Արևմտյան դարպասները փակվել են շինություններով ներկայիս Մաշտոցի պողոտայի (Արմյանսկայա, ապա Սունդուկյան փողոց, հետագայում՝ Ստալինի, ապա՝ Լենինի պողոտա) ընդլայնման և կառուցապատման ընթացքում։ Պողոտայի ընդլայնման հետևանքով անկյունագծով հատվել է նաև ուղղանկյուն պարսպապատ համալիրի հյուսիս-արևմտյան հատվածը, որտեղ և բացվել է նոր շքամուտք։ Խորհրդային տարիներին մզկիթը չի գործել։ Այստեղ տեղակայվել են պլանետարիում, Հայաստանի բնության, Երևանի պատմության թանգարանները, բակում սկզբում գործել է սրճարան, իսկ ավելի ուշ տարիների կազմակերպվել են տարբեր ցուցահանդեսներ։ 1995թ․-ից, որպես բարի կամքի դրսևորում բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, մզկիթը հանձնվել է Հայաստանում Իրանի դեսպանության հոգածությանը, վերանորոգվել և այսօր կրկին ծառայում է իր հիմնական նպատակին՝ հանդիսանալով գործող միակ մզկիթը ոչ միայն Երևանում, այլև ՀՀ ողջ տարածքում։
[1] Гакстгаузен, барон Август фон, Закавказский край. Заметки…, стр. 235-239
[2] Ե. Շահազիզ, Հին Երևանը, 2-րդ հրատարակություն, Երևան, 2003, էջ 201
[3] Հովհ․ եպս․ Շահխաթունյանց, ն․ա․, էջ 308
[4] Lynch, H.F.B., Armenia. Travels and studies, v. I, p. 214
[5] Հովհ․ եպս․ Շահխաթունյանց, ն․ա․ էջ 308[6] Ե. Շահազիզ, ն․ա․, էջ 199