Տեսնել քարտեզի վրա

Թափաբաշի մզկիթ

Թեև որոշ աղբյուրներում նշվում է 1687թ․, Կոնդի կամ Թափաբաշի մզկիթի հիմնադրման ստույգ ժամանակն իրականում հայտնի չէ, սակայն մեզ հասած տեղեկություններից երևում է, որ այն առնվազն տասնիններորդ դարի քառասունական թվականներին արդեն գոյություն ուներ։ Ամենայն հավանականությամբ մզկիթն ավելի հին է` հավանաբար 17 կամ 18-րդ դարի[1]։ Մինչ մեր օրերը պահպանվել է մասնակի, այսօր պահպանված հատվածը վերածված է բնակելի տան։ Ունեցել է երկու ասիմետրիկ գմբեթ։ Չի պահպանվել գլխավոր գմբեթը, որն, ինչպես երևում է լուսանկարներից, մի շարք այլ երևանյան մզկիթների օրինակով երեսպատված է եղել ջնարակված մոզայիկ սալիկներով՝ այդ շրջանում լայն տարածում ունեցող ռոմբաձև կրկնվող նախշազարդումով։ Մզկիթն ամբողջությամբ աղյուսաշեն է, բացառությամբ ցածր տուֆային հիմնաշարի։ Մինարեի երբեմնի առկայության մասին ոչ լուսանկարներում, ոչ աղբյուրներում, ոչ շինության մեզ հասած դրվագում որևէ տեղեկություն կամ հուշում չի պահպանվել։ Հավանաբար իր ավելի համեստ չափերի պատճառով ոչ բոլոր հեղինակերի կողմից է արժանացել հիշատակման։


[1] Арутюнян В., Асратян М., Меликян А., Ереван, М. 1968, стр. 31-32