Մլերի գերեզմանատան եկեղեցի

Մլերի գերեզմանատունը գտնվում էր այսօրվա Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում։ Համաձայն Մեհրաբովի 1906-11թթ հատակագծի, գերեզմանատան հյուսիսային մասն առանձնացված էր որպես ուղղափառ, իսկ հարավային, ավելի մեծ մասը որպես նոր հայկական գերեզմանոց։ Հենց հայկական գերեզմանոցի միջին մասում էլ գտնվում էր Մլերի դամբանական եկեղեցին։ Այն կառուցվել էր 1900 թվականին ճարտարապետ Միրզոևի նախագծով[1]։ Ինքը հեղինակը նույնպես թաղվել է իր նախագծած եկեղեցու տարածքում, սակայն քսաներորդ դարի երեսունական թվականներին գերեզմանատան վերակառուցման ժամանակ նրա գերեզմանը կորսվել է, ինչպես և այստեղ թաղված զորավարներ Համազասպի և Ղորղանյանի գերեզմանները։ Գերեզմանատունը փակվել է 1930ականների կեսերին՝ Երևանի քաղխորհդի գործկոմի որոշմամբ և վեր է ածվել զբոսայգու։ Այգու մի մասը, սակայն, Աղասի Խանջյանի որոշմամբ հատկացվել է որպես մշակույթի և արվեստի գործիչների գերեզմանատուն։ Ապա 1936թ այստեղ են տեղափոխում Կոմիտասի աճյունը, ինչն էլ հիմք է հանդիսանում ժամանակակից Պանթեոնի ստեղծման համար։

[1] Гаспарян М. А., 168