Երևանը գտնվում էր քարավանային առևտրի հարավից հյուսիս տանող ճանապարհին, այդ իսկ պաճտառով ուշ միջնադարից ընդհուպ մինչև քսաներորդ դարի քսանական թվականներ հանդիսանում էր քարավանային առևտրի հանգույց։ Առևտուրն իրականացվում էր արևելյան տիպի շուկա-հրապարակներում, որոնց շուրջ սովորաբար կառուցված էին առևտրային խանութ-կրպակներ։ Դրան զուգահեռ կրպակների մի մասը ծառայում էր նաև որպես խանութ-արհեստանոցներ՝ կոշկակարների, դերձակների, խեցեգործների, երկաթագործների և այլն։
Երևանն ուներ մի քանի նման շուկա-հրապարակներ, որոնցից կենտրոնականը և ամենամեծը Ղանթարն էր։ Այն սկսում էր այսօրվա Կապույտ մզկիթի մոտակայքից և զբաղեցնում ժամանակակից Մանկական /Կիրովի/ այգու տարածքը։ Շուկան գործել է մինչև 1930ական թվականներ, մինչև քաղաքային կառուցապատմանն իր տեղը զիջելը։ Իր անունը շուկան ստացել է պարսկերեն «ղանթար» — մեծ կշեռք բառից, քանի որ շուկայական հրապարակի կենտրոնում գտնվում էր մեծ կշեռքը՝ մեծածախ ապրանքներ կշռելու համար։ Կար նաև փոքր կշեռքը, կամ միյզանը։
Ղանթարի շուկան շրջապատված էր մեծ ու փոքր խանութներով, կրպակներով, քարավանատներով և պահեստներով[1]
Բացի Ղանթարի շուկային Երևանում կային նաև այլ, ավելի մանր շուկաներ։ Երևանի շուկա-հրապարակների թիվը XVII—XVIII դարերում հասնում էր հինգի։ Դրանք էին՝ Հուսեին-Ալի խանի կամ Մզկիթի, Խանբաղի, Զալխանի, Ֆահլա-բազարի և Գլխավոր կամ Մեծ կոչված հրապարակները[2]։ XIX դ. սկզբներին Խանբաղի շուկան դուրս է գալիս շարքից. Թուրքմենչայի պայմանագրով ներգաղթողները այն ամբողջապես վեր ածեցին բնակելի տարածության[3]։
[1] Թ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1500—1800 թթ.), էջ 204
[2] Шопен И. И. Исторический памятник состояния Армянской области в эпоху её присоединения к Российской империи. СПб., 1852, cтр. 877
[3] Ibidem