Քանի որ առևտրի կազմակեպումը մինչև 20րդ դարի սկիզբ բացառապես քարավանային էր /գնացքի գիծը Երևան է հասել միայն 1902թ/, ապա առևտրի կազմակերպման համար անհրաժեշտ և կարևորագույն ենթակառուցվածք էին հանդիսանում քարավանատները։ Հասկանալի պատճառներով դրանք բոլորը գտնվում էին շուկայական հրապարակի շրջակայքում։
Շոպենի վկայությամբ, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու շրջանում Երևանում պահպանվել էին յոթ քարավանատներ՝ Գյուրջի, Ջուղայի, Զարաբ-խանի, Թաղիր, Սուլի, Սուսըզ, Հաջի-Ալի[1], որոնք հավանաբար, գոյություն ունեին XVII—XVIII դարերից[2]։
Հետաքրքրական է, որ ոչ Շոպենը, ոչ Թադևոս Հակոբյանը չեն նշում Օվշարի քարավանատան մասին։
Ավելի ուշ շրջանում, 1893 թվականով թվագրված մի սխեմատիկ հատակագծում նշվում է 13 քարավանատուն։
Ամենամեծը քարավանատունը, ըստ Շոպենի թողած տեղեկության, Հաջի-Ալին էր, որը սակայն բնակեցվել էր Պարսկաստանից Թուրքմենչայի պայմանագրով Երևան գաղթած ամենաչքավոր հայերով[3], որոնք կացարան գտնելու այլ տարբերակ չունեին, և ըստ երևույթին այդ պատճառով այս քարավանատունը հետզհետե դադարում է իր հիմնական գործառույթին ծառայել։ Կամ մի գուցե դրանից առաջ արդեն ինչ-ինչ պատճառներով իրեն սպառել էր որպես քարավանատուն, որի պատճառով էլ այդտեղ տեղավորեցին հայ գաղթականներին։ Այս պարագայում ամենամեծ քարավանատունը մինչև 20րդ դարասկիզբ Գյուրջիի քարավանատունն էր։ Այդպես է կոչվել, քանի որ այդտեղ էին հանգրվանում Թիֆլիս գնացող և այնտեղից եկող քարավանները՝ Գյուրջի թյուրքերենից և պարսկերենից նշանակում է «վրացական»։ Այն ուներ 78 կրպակ /ըստ Հակոբյանի՝ 62/ և ևս 24 կրպակներով այսպես կոչված չարսի խանութաշարը։ 19-րդ դարի վերջում — 20րդ դարասկզբում պատկանել է Խոսրովյանների կամ ռուսականացված տարբերակով Խոսրոեվների հայտնի ընտանիքին։ Գտնվել է այսօրվա Զաքյան փողոցի և Չարենցի դպրոցի ետնամասի բարձրահարկերի տեղում։ Այս և հարևան քարավանատների պատճառով մոտակայքից սկիզբ առնող փողոցը ցարական շրջանում անվանվեց Քարավանսարայնայա, որն այժմ Եզնիկ Կողբացու փողոցն է։
Սուլի և Սուսըզ քարավանատներն այդպես էին կոչվում, քանի որ համապատասխանաբար առաջինն իր տարածքում ուներ ջրի աղբյուր, իսկ երկրորդը՝ ոչ /թյուրքերեն սու-լը, բառացիորեն՝ «ջրով», «սու-սըզ»՝ անջուր/։
Ջուղայի քարավանատան անվանումը, ինչպես և Գյուրջիի դեպքում, ցույց էր տալիս այդտեղ հանգրվանող քարավանների անցուդարձի աշխարհագրական ուղղությունը։
Թաղիրը հավանաբար անվանվել է քարավանատան տեր հանդիսացող թյուրքական տոհմի անունով։ Հիշատակված 1893 թվականի սխեմատիկ հատակագծում նշված է որպես ոմն Քելբալայի Սադըխ Հաջի Թաղիր օղլիին պատկանող։
[1] Шопен, 879
[2] Հակոբյան, 205
[3] Шопен, նույն տեղում